Մենք մեզ պետք է դիրքավորենք որպես տեխնոլոգիական ազգ. Սերժ Թանկյան
Բոլոր մարդիկ, որոնց հետ ես խոսել եմ, որոնք եղել են Հայաստանում, հիացած են իրենց տեսածով, նաև WTIC համաժողովով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Երևանում ընթացող WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
«Դրանով է, որ Հայաստանը պետք է իրեն ցույց տա, նաև «Թումո»-ով, իր կրթությամբ: Հայաստանը պետք է առաջ մղի ժամանակակից տեխնոլոգիական հարթակները, որովհետև մենք չունենք նավահանգիստներ: Մենք մեզ պետք է դիրքավորենք որպես տեխնոլոգիական ազգ: Դա պետք է լինի մեր ապագան, մարդիկ դրանով են տպավորվում»,-ասաց նա:
Թանկյանը հույս հայտեց, որ Հայաստանը կկարողանա օգուտներ քաղել այն համաժողովից. «Հույս ունեմ, որ մարդիկ կկարողանան իրենց առաջարկները ներկայացնել, նոր կապեր հաստատել, որովհետեւ նման միջոցառումների ամենամեծ արժեքն այն է, որ դա հնարավորություն է տալիս մարդկանց իրար հետ նույն տեղում գտնվել, կապեր հաստատել: Ես գիտեմ, որ հայկական որոշ ընկերություններ արդեն սկսել են դրա դրական ազդեցություններ զգալ»:
Սերժ Թանկյանը խոսել է նաև արևմտահայերենի պահպանման ուղղությամբ լուրջ քայլեր անելու մասին:
«Իմ ընկեր Վահե Բերբերյանը տարիներ առաջ Պորտուգալիայում գտնվող «Գյուլբենկյան» հիմնադրամի հետ որոշակի գործունեություն են ծավալել արեւմտահայերենը որպես լեզու պահպանելու համար:
Դա հետաքրքիր թեմա է, այդ ուղղությամբ ինչ-որ աշխատանք պետք է իրականացնել»,-ասաց նա:
Թանկյանը համաձայնեց, որ լեզվի պահպանման համար կարելի է զվարճալի հաղորդումներ անել արեւմտահայերով: Նա նաեւ կատարեց. «Օրինակ կարելի է Լիբանանի մաֆիայի մասին հայկական նյութ անել, ֆիլմ նկարել, գուցե դա մեզ կօգնի»: