Հարձակման ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կայուն ծանր է. Արտակ Դավթյան
Հարձակման ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կայուն ծանր է: Հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով՝ կա ոչ մեծ դրական դինամիկա: «Բժիշկները հնարավոր ամեն ինչ անում են»,- ընդգծեց Դավթյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածի գնահատականը իրավական հարթությունում է:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծել էին սեպտեմբերի 18-ին Վայոց ձերի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Գործի շրջանակում կալանավորված են Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը եւ նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Սակայն համառորեն լուրեր են պտտվում ողբերգական միջադեպին Վայոց ձորի Մարզպես Տրդատ Սարգսյանի ուղղակի մասնակցության մասին:
Ի պատասխան սահմանային լարվածությանն առնչվող հարցին՝ ԳՇ պետը նշեց, որ սահմանին իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, վերահսկելի: Ըստ Դավթյանի՝ որոշակի աստիճանի լարվածություն եղել է եւ, հավանաբար, կլինի, բայց միջադեպերի թիվն ընդհանուր առմամբ նվազել է: «Տառացիորեն 20 րոպե առաջ, ինչպես ինձ զեկուցեցին, հակառակորդը կրակել է: Ճիշտ է, հրաձգությունը թիրախային չի եղել: Պատասխան կրակից հետո, հրաձգությունը դադարել է»,- հայտնեց Դավթյանը:
ԳՇ պետը հաստատեց, որ վերջին միջադեպերի հետեւանքով զոհվել է 1 եւ վիրավորվել 3 զինծառայող: «Տրվել է համարժեք պատասխան»,- կարճ նշեց Դավթյանը՝ հավելելով, որ հակառակորդի ոչ մի սադրանք անպատիժ չի մնում: «Որոշ դեպքերի մասին անհրաժեշտ ենք համարում հայտնել: Այլ դեպքերի մասին նպատակահարմար է չհայտնել»,- արձանագրեց Գլխավոր շտաբի պետը: