Գույքի օտարման օրենքում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել. ՄԻՊ
«Հասարակական եւ պետական կարիքների համար գույքի օտարման մասին» օրենքում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել՝ հետագայում քաղաքացիական իրավունքի խախտումը կանխելու համար: Այս մասին հոկտեմբերի 7-ին «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ 2000 թվականից քաղաքացիների սեփականությունն օտարվել է գործադիր իշխանության որոշմամբ՝ այդպիսով դատական գործընթացների ժամանակ անհավասար իրավական պայմաններ ստեղծելով:
«Խոսքը, մասնավորապես, Երևանի կենտրոնում անշարժ գույքի մասին է: Երևանի բարեկարգման քողի տակ գույքի վերաբաշխում է տեղի ունեցել՝ անօրինական և անընդունելի: Քաղաքացիները զրկվել են իրենց տներից, իսկ առանձին անձինք տարբեր տարածքներ են սեփականաշնորհել քաղաքի կենտրոնում»,- հիշեցրեց Թաթոյանը:
Նա հավելեց, որ քաղաքացիները ոչ միայն արժանի փոխհատուցում չեն ստացել, այլ նաեւ մնացել են առանց տանիքի: Օմբուդսմենը նշեց, որ պետությունը ոչ միայն չի պաշտպանել քաղաքացիների իրավունքը, այլ հակառակը՝ հօգուտ կառուցողների միակողմանի որոշումներ է կայացրել:
Թաթոյանը նաեւ հիշեցրեց, որ դեպքերի ճնշող մեծամասնության ժամանակ օտարման գործընթացը տեղի է ունեցել առանց որեւէ հանրային լսումների, իսկ քաղաքացիներին պարզապես փաստի առաջ են կանգնեցրել:
«Արամի, Ֆիրդուսի, Բուզանդի, Հանրապետության եւ Խանջյան փողոցներում, ինչպես նաեւ Կոնդում բնակվող քաղաքացիների սեփականության օտարումն օրենքի խախտմամբ է տեղի ունեցել: Եվ, հետեւաբար, անհրաժեշտ է վերանայել օրենքը»,- եզրափակեց Արման Թաթոյանը: