Փոքր լինելով`մենք մեր ազդեցությունը ունենք ՏՏ ոլորտի վրա, պետք է հպարտանանք. Հենրի Արսլանյան (Տեսանյութ)
Համաշխարհային մակարդակում շատ մարդիկ են խոսում Հայաստանի IT բումի մասին, եւ WCIT-ն մեզ համար լավ հնարավորություն է, որ հայերը կարողանան Հայաստան գալ եւ իրենց հաջողության պատմություններով կիսվեն: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց FinTech ասոցիացիայի նախագահ եւ Հոնկոնգի համալսարանի արտահաստիքային պրոֆեսոր Հենրի Արսլանյանը:
«Այս կոնֆերանսը մեզ համար օրինակ է, որ աշխահի հայերը կարողանան Հայաստան գալ եւ հաջողության պատմություններով կիսվեն: Այս օրերին աշխարհի շատ վայրերից Հայաստան ենք գալիս, որ խոսենք, համագործակցենք եւ բլոկչեյնի ճյուղը առաջ տանենք»,-ասաց նա:
Հենրի Արսլանյանը նշեց, որ հաջորդ տասնամյակները շատ տարբերվող են լինելու եւ շատ կարեւոր է, որ երիտասարդները տեխնոլոգիաների ոլորտը լավ հասկանան. «Փոքր լինելով`մենք մեր ազդեցությունը ունենք տեխնոլոգիաների ճյուղի վրա եւ պետք է հպարտանանք, որ այս համաժողովը Հայաստանում է տեղի ունենում»:
Հենրի Արսլանյանի կարծիքով` Հայաստանը այնպես պետք է ներկայացնել, որ ոչ միայն այստեղ գան զբոսաշրջության նպատակով, այլ IT ոլորտում ներդրումներ անելու համար:
Նա հայտնեց, որ միայնակ է Հայաստան ժամանել, ընտանիքը Հոնկոնգում է, քանի որ 3 շաբաթական փոքրիկ ունեն տանը. «Փոքրերիս հետ միայն հայերեն եմ խոսում, դա շատ կարեւոր է, եւ կարծում եմ, որ անգլերենից հետո, պետք է չիներեն սովորեն»:
Աշխարհահռչակ հայը անդրադառնալով իր արմատներին, ասաց, որ ինքը ծնվել եւ մեծացել է Կանադայում` Մոնրեալ քաղաքում, սակայն հայրն ու մայրը Սիրիայից են։
Հենրի Արսլանյանը, որը Հոնկոնգի PwC միջազգային քոնսալթինգային ընկերության ֆինանսական տեխնոլոգիաների եւ կրիպտոտեխնոլոգիաների հարցերով մասնագետն է, Երեւանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT 2019) մոդերատորը կլինի: Նշենք, որ Հենրի Արսլանյանը կհամագործակցի NEWS.am-ի հետ եւ հարցազրույցներ կվարի համաժողովի անդամների հետ:
WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։