Յակուտիայում ռուսաստանցի նախկին պատգամավորին սպանել է արջը
Յակուտիայի պետական ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Կրիլովը դարձել է արջի հարձակման զոհ Օյմյակոնյան շրջանում, լրագրողներին տեղեկացրել է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի պաշտոնակատար Իգոր Վոդովոզովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Շաբաթ օրը սոցցանցում տարածվել է տեղեկություն այն մասին, որ արջը Օյմյակոնում հարձակվել է նախկին խորհրդարանականի՝ Յակուտսկ քաղաքի Շինարարական շուկայի տիրոջ վրա։ Տեղեկացվել է, որ Կրիլովն ընկերների հետ որսի էր գնացել Օյմյակոնյան շրջան։ Երբ տղամարդը կվադրոցիկլով գնում էր Տոմտոր գյուղի ուղղությամբ, ճանապարհին հանկարծ արջ է հայտնվել։ Նախկին պատգամավորը կրակել է նրա վրա, իսկ հետո որոշել մոտենալ գազանին, այդ պահին նրա վրա հարձակվել է մեկ այլ արջ, որը հայտնվել էր նրա կողքին։
«Սոցցանցերում տարածված տեղեկությունը, ցավոք, հաստատվել է։ Ալեքսանդր Կրիլովի մարմինը ամենագնացներով փոխադրում են Տոմտոր»,- ասել է Վոդովոզովը։