Աղմկալի առևանգում Ֆիլիպիններում
Ֆիլիպինների հարավային ամառանոցներից մեկից առևանգել են բրիտանացի բիզնեսմեն Ալան Արթուր Հայրոնսին և նրա ֆիլիպինուհի կնոջը՝ Վիլմա Պագլինավան Հայրոնսին, տեղեկացնում է The Guardian-ը։
Նշվում է, որ 70-ամյա Հայրոնսին ու նրա կնոջը առևանգել է զինված մարդկանց մի խումբ տեղի ժամանակով ժամը 18.50-ին։ Միջադեպը տեղի է ունեցել ամուսնական զույգին պատկանող ամառանոցում՝ Հայրոնս Բիչում, որը գտնվում է Տուկուրան քաղաքում։
Ոստիկանությունում պարբերականին ասել են, որ առևանգիչները սպասել են, որ զույգը գա ամառանոց։
Առևանգումից հետո Հայրոնսներին տարել են երկու մոտորանավակով, երկու տարբեր ուղղություններով։
Ներկայում տեղի զինվորական ուժերը ոստիկանության հետ միասին որոնում են նրանց և առևանգիչներին։
Առայժմ անհայտ է, թե զինված որ խմբավորումն է կատարել աղմկալի առևանգումը։