Ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է. Թորոսյանը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ծեծկռտուքի մասին (Լուսանկար)
Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է եւ միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է եւ միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի:
Գագիկ Համբարձումյանը, ում որդին այսօր հարձակվել էր «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի վրա` օրեր առաջ ազատվել էր աշխատանքից լուսանկարում երեւացող դիմումի հիման վրա: Նա ապօրինի 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից, իսկ այս դիմումից հետո հետ վերադարձրել այն:
Տնօրենի իրավաչափ որոշումամբ` նա այս խախտումը թույլ տալու համար ազատվել էր աշխատանքից, իսկ նրա որդին այսօր «հաշիվ էր պահանջում» տնօրենից»։