Instagram-ը ներկայացրել է հաղորդագրություններ փոխանակելու Threads հավելվածը
Instagram-ը ներկայացրել է հաղորդագրություններ փոխանակելու Threads հավելվածը, որը նախատեսված է ամենամտերիմ ընկերների հետ օգտագործելու համար, հայտնում է The Verge-ն։
Մեսենջերը թույլ է տալիս տեքստեր, լուսանկարներ եւ տեսանյութեր փոխանակել «մտերիմ ընկերների» ցուցակի շրջանակներում։ Այն նաեւ առաջարկում է ձեր գտնվելու վայրի, կարգավիճակի եւ այլ տվյալների մասին անընդհատ պասիվ փոխանակություն։
Threads-ը երեք հիմնական բաղադրիչ ունի։ Առաջինը նկարահանող խցիկն է, որը հանգիստ վիճակում էկրան է։ Այստեղ չկան ֆիլտրեր։ Հավելվածը նաեւ առաջարկում է կարգավորվող պիտակներ ձեր ընկերների համար, այնպես որ եթե դուք հավելվածը հիմնականում օգտագործում եք երկու կամ երեք մարդկանց հաղորդագրություններ ուղարկելու համար, դուք կարող եք նրանց էջի պատկերը տեղադրել հենց էկրանի ներքեւի մասում։ Լուսանկարեք ձեզ, սեղմեք լուսանկարը եւ մատով վերեւ տարեք, որպեսզի ուղարկվի։
Threads-ի երկրորդ բաղադրիչը «Մուտք» թղթապանակն է, որն արտացոլում է ձեր ուղիղ հաղորդագրություններն Instagram-ում, սակայն հասանելի է միայն ձեր մտերիմ ընկերներին։ Այն իր մեջ ներառում է խմբային չատեր, սակայն միայն այն դեպքում, եթե բոլոր մասնակիցները ձեր մտերիմ ընկերներն են։
Վերջապես «Կարգավիճակը», որը հավանաբար Threads-ի ամենավիճահարույց գործոնն է։ Կարգավիճակ ստեղծելու համար, դուք ընտրում եք «սմայլիկ» եւ մի քանի բառ եք հավաքում կամ ընտրում եք Instagram-ի կողմից ստեղծված բազմաթիվ արտահայտություններից մեկը։ Այնուհետեւ Instagram-ին հայտնում եք, թե որքան ժամանակ (1-4 ժամ) պետք է մնա ձեր կարգավիճակը։
Կամ դուք կարող եք ընտրել «ավտոմատ» գործառույթը, որը օրվա ընթացքում կթարմացնի ձեր կարգավիճակը։
Ընկերությունը հայտնում է, որ բոլոր դեպքերում ձեր կարգավիճակը կտեսնեն միայն մտերիմ ընկերները։