Փաշինյանը բարկացել է Արսեն Թորոսյանի վրա. Ինչու
Առողջապահության նախարարությունն ասում է՝ դեղերի գրանցման, փորձաքննության գործունության ուղղությամբ հավաքված վճարները մնան մեզ, մենք ծախսենք. մենք էլ ասում ենք՝ չէ, փողերը պետք է գնան բյուջե, այնտեղից ծախսվեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը եւս նշեց, որ Առողջապահության նախարարությունն առաջարկում է փորձաքննությունների անցկացման համար լավագույն ճանապարհն է ունենալ 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն եւ այդ ընկերությանը պատվիրակել փորձաքննություն իրականացնելու լիազորությունը, ինչը ճիշտ չէ, պետք է սահմանել պետական տուրք եւ այդ միջոցներն ուղղել բյուջե. «Դեղի գրանցման նպատակով որեւէ այլ տարբերակ չունենալով ստացվում, որ պետական վճար է սահմանվում, որը շրջանցում է բյուջեն, եւ այդ ընկերության ծախսերի համար է օգտագործվում: Մտահոգիչ է, որ դա դառնում է ընկերության համար եկամտի աղբյուր»,-ասաց Ջանջուղազյանը:
«Այդ տրամաբանությամբ, մյուս պետական կառույցներն էլ կասեն՝ բա մենք ինչո՞ւ բիզնես չենք անում: Ամեն գերատեսչություն չի կարող կառավարման իր ոճն ունենա, որովհետեւ կառավարման ոճը կառավարությանն է»,-ասաց Փաշինյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ընդգծեց. «Այս հարցն այսօր չի ծագել: Սա կարծես թե առիթ է, որ ֆինանսների նախարարությունը եւս մեկ անգամ բարձրացնի այդ հարցը: Ես չեմ ուզում այդ առիթը խցկենք այս օրենքի նախագծում: Ես համաձայն եմ, որ հաշվարկենք, թե տուրքը որքան է հավաքվում, մտցնենք բյուջեի մեջ, եթե դա լինի լավագույն տարբերակը բոլոր կողմերի համար»:
Նրան ընդհատեց վարչապետը. «Մենք արդեն որոշել ենք, որ դա լավագույն տարբերակն է բոլոր կողմերի համար: Պետական կառավարման համակարգում կան հիմնարկներ, որոնք խոշոր բիզնես են, դա վատ է: Ձեր նշած հիմնարկը հենց այդպիսին է ու դրան պետք է վերջ տալ: Միշտ էլ դա համարվել է հեռու անկյունում գտնվող մի հատ տեղ, որը շատ հաջող բիզնես է անում պետական մոնոպոլիայի շրջանակում: Այդպես չի կարող լինել»: