Եմենում հուսիները հայտնել են, որ պատրաստվում են Սաուդյան Արաբիային հարվածներ հասցնել
Եմենի հյուսիսում կառավարող «Անսար Ալլահ» շարժման խռովարարները (հուսիները) հայտարարել են, որ պատրաստվում են Սաուդյան Արաբիային նոր հարվածներ հասցնել, եթե չարձագանքի խաղաղության իրենց կոչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անցյալ շաբաթ հուսիների Բարձրագույն քաղխորհրդի ղեկավարը հայտնել էր, որ իրենք միակողմանի կարգով դադարեցնում են Սաուդյան Արաբիային հարվածներ հասցնելը եւ թագավորությունից նույնպիսի գործողություններ են սպասում:
«Ընթանում են անսահմանափակ եւ ուժեղ հարվածների լայնածավալ պատրաստություններ՝ ագրեսորին ջախջախելու համար, եթե խաղաղ ջանքերն ու երկխոսությունը հաջողությամբ չավարտվեն»,- նշված է հուսիների Բարձրագույն քաղխորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակել է «Ալ Մասիրա» հեռուստաալիքը:
Քաղխորհուրդը նշել է, որ հարեւան թագավորության նավթային օբյեկտների վրա հարձակումն իրենց հնարավորությունների համեմատությամբ «այսբերգի գագաթն» էր:
Հուսիները մի քանի օր առաջ հրապարակել էին կառավարական զորքերի եւ սաուդյան սահմանամերձ Նաջրան նահանգում սաուդցի զինվորականների դեմ գործողության մանրամասները՝ այն անվանելով «Նասր մին ալլահ» (Հաղթանակ Ալլահից): Նրանք տեսագրություններ էին հրապարակել գերեվարված սաուդցիների խոստովանություններով: Խռովարարները ստանձնել են սաուդյան հանքավայրերում նավթամշակման գործարաններն անօդաչուներով պայթեցնելու պատասխանատվությունը, որը իրագործվել էր սեպտեմբերի 14-ին, բայց Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ հուսիները նման հնարավորություններ չունեն, եւ իրենց ձեռնարկությունների վրա հարձակումները իրականացրել է Իրանը: