Խնդիրների առկայությունն Իրանին և Ադրբեջանին չի խանգարում ակտիվ առևտուր վարել
Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում կան ինչպես շահեր, այնպես էլ խնդիրներ: Տարօրինակ է, որ այն դեպքում, երբ Հայաստանի և Իրանի միջև չկան խնդիրներ, առևտրաշրջանառությունը քիչ է, քան Իրանի և Ադրբեջանի միջև: Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ Իրանի համար Հայաստանի և Արցախի կողմից քաղաքական առումով ռիսկեր չկան, այն դեպքում, երբ Ադրբեջանի կողմից իրանցիները նման ռիսկեր տեսնում են, հատկապես տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում:
«Բացի այդ, իրանցիներին անհանգստացնում է նաև այն, որ ադրբեջանիցները ռազմական ոլորտում ակտիվորեն համագործակցում են Իսրայելի հետ, անօդաչու թռչող սարքեր են գնում և դիտարկումներ անցկացնում ոչ միայն արցախյան գծում, այլ նաեւ Իրանի հետ սահմանին: Խնդիրներ կան նաև Կասպից ծովում: Ադրբեջանի իշխանություններին, իրենց հերթին, մտահոգում է Իրանից կրոնական գաղափարախոսության հնարավոր ուժգնացումը»,- նշեց Գոհար Իսկանդարյանը:
Փորձագետը հավելեց, որ Իրանը բազմիցս հասկացնել է տվել, որ ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը նաև Նախիջևանի ուղղությամբ:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոհանիի մասնակցությունը Հայաստանի համար խնդիրներ չի ստեղծում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, վստահեցնում է իրանագետը:
Նրա հավաստիացմամբ՝ ԱՄՆ-ում հասկանում են Հայաստանի շահերը փակ սահմանների պայմաններում։ «Բացի այդ, կարեւոր է նաեւ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ քննարկումներն անցել են այն հաշվառմամբ, որպեսզի չվնասվի երրորդ երկրների հետ հարաբերությունների զարգացման բնական գործընթացը»,- նշել է իրանագետը։
Իսկանդարյանն ավելացրել է, որ լարված իրավիճակը տարածաշրջանում Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ, ինչպես նաեւ լարվածությունը հենց Իրանում՝ պայմանավորված Ռոհանիի եղբոր ձերբակալությամբ, Թեհրանի իշխանությունների առջեւ դրել է արտաքին քաղաքականությունում հաջողություններ գրանցելու խնդիրը։ «Դա արվել է ԵՏՄ գագաթաժողովին մասնակցությամբ։ Այս հարթակը Ռոհանին նորից օգտագործեց իր դիրքորոշումը Հորմուզի նեղուցի վերաբերյալ արտահայտելու համար»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Բացի ԵՏՄ անդամ պետությունների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան եւ Ռուսաստան) ղեկավարներից՝ նիստին մասնակցեց Մոլդովայի՝ որպես դիտորդ պետության նախագահը, ինչպես նաեւ պատվավոր հյուրերը՝ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը։