ՀԴԲ-ն Facebook-ում նյութեր է հրապարակում ռուսներին հավաքագրելու համար
Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Facebook-ում նյութեր է հրապարակում Վաշինգտոնի շրջանում բնակվող ռուսներին հավաքագրելու համար, հայտնում է CNN-ն:
Ըստ հեռուստաալիքի՝ ՀԴԲ այդ նյութերը կարող են «ուղղված լինել ռուս հետախույզներին, որպեսզի նրանց վերահավաքագրեն, ինչպես նաեւ հասցեագրված են բոլոր նրանց, ովքեր կարող են նրանց գործունության մասին տեղեկություններ ունենալ»: Հրապարակումները հայտնվում են Վաշինգտոնում եւ քաղաքի արվարձաններում գտնվող օգտատերերի լրահոսում որպես հասցեական գովազդ:
Նյութերից մեկում, որը վկայակոչում է CNN-ն, լուսանկարում պատկերված է ընտանիք՝ հայրն ու մայրը ուսանող դստեր հետ եւ ռուսերեն գրառմամբ. «Հանուր ձեր ապագայի, հանուն ձեր ընտանիքի ապագայի»: Նկարի վրա պարզաբանում կա. «ՀԴԲ-ն սպառնալիքների դեմ պայքարի համար ավելի արժեքավոր հետախուզական տեղեկություններ է ստանում հանրության ներկայացուցիչների տեղեկատվության հաշվին: Եթե տեղեկություններ ունեք, որոնք կարող են օգնել ՀԴԲ-ին, այցելեք մեզ»:
Մեկ այլ հրապարակման մեջ պատկերված է շախմատի տախտակ՝ հետեւյալ գրառմամբ. «Ժամանակը չէ՞, որ ձեր քայլը կատարեք»: Նյութում հղում կա հակահետախուզական ծրագրին, որն իրականացնում է ՀԴԲ վաշինգտոնյան ներկայացուցչությունը, եւ առաջարկվում է «ստանալ լրացուցիչ տեղեկություն»:
CNN-ի տեղեկություններով՝ այս շաբաթ սոցցանցում տեղադրվել է, համենայնդեպս, 3 համանման նյութ: ՀԴԲ վաշինգտոնյան ներկայացուցչության հակահետախուզության բաժնի ղեկավար Ալան Կոխլերը հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել է, որ ՀԴԲ-ն «օրինական միջոցներ է օգտագործում» տեղեկություններ ունեցող անձանց հայտնաբերելու համար, որը կարող է օգտակար լինել ԱՄՆ ազգային անվտանգության ապահովման համար: