ԱՄՆ իշխանությունները կարող են սկսել միգրանտներից ԴՆԹ նմուշներ հավաքել
ԱՄՆ իշխանությունները մտադիր են սկսել ԴՆԹ նմուշներ հավաքել միգրանտներից եւ ապաստան հայցողներից՝ տվյալների բազա մտցնելու համար, որում ամփոփվում են հանցագործների մասին տեղեկությունները: Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունում աղբյուրներին:
Ըստ պարբերականի՝ նոր միջոցառումը, եթե ընդունվի, կարող է տարածվել մոտ 40 հազար մարդու վրա, որոնք գտնվում են ԱՄՆ տարածքում՝ պահման հատուկ կենտրոններում: Այսպիսով, զգալիորեն կընդլայնվի Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից վերահսկվող տվյալների բազան: Պարբերականը նշում է, որ նախկինում այն պարունակում էր միայն այն մարդկանց մասին տվյալները, որոնց նվազագույնը ներկայացվել են հանցագործությունների կատարման պաշտոնական մեղադրանքներ:
NYT-ն նշում է, որ ԴՆԹ նմուշներ կարող են վերցվել նաեւ երեխաներից, ինչպես նաեւ օրինական հիմքերով ապաստան հայցողներից: Պարբերականը ներկայացրել է իրավաբանների կարծիքը, որոնք նշում են, որ նման միջոցառման հնարավոր ներդրումը հարցեր է առաջացնում միգրանտների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ:
Թրամփի օրոք ակտիվացել է ապօրինի միգրանտների դեմ պայքարը՝ ԱՄՆ մտնելու փորձերի կանխումը եւ նրանց վտարումը, ում դա հաջողվել է: Դեռեւս 2016 թվականի նախագահական նախընտրական քարոզարշավում նա իր կողմնակիցներին խոստացել էր վարել ավելի խիստ ներգաղթային քաղաքականություն եւ ուժեղացնել սահմանային հսկողությունը: Սպիտակ տան տերը համոզված է, որ ապօրինի ներգաղթյալները հանցագործներ են:
Նա անցյալ տարվա հոկտեմբերին սպառնացել էր, որ հարավային սահմանը կփակի, եթե Մեքսիկայի իշխանությունները չկանգնեցնեն իրենց երկրով Կենտրոնական Ամերիկայի պետություններից դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների հոսքը: Դրանից բացի, Թրամփը կարգադրել էր սահմանապահներին օգնության ուղարկել մի քանի հազար զինծառայողների: