«Լիդիանի» անվտանգության աշխատակիցը դիմել է ոստիկանություն լեռնագնացների՝ Ամուլսար «ներխուժման» հետ կապված
«Լիդիան Արմենիա» ընկերության անվտանգության աշխատակիցը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ «ԱրմԼենդ» արշավական խմբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանի դեմ։ Ոստիկանությունից հայտնեցին, որ սեպտեմբերի 29–ին «Լիդիան Արմենիա» ընկերության անվտանգության աշխատակցից դիմում է ստացվել ոստիկանության Վայքի բաժին, որով նա հայտնել է, թե լեռնագնացների կողմից ներխուժում է կատարվել Ամուլսարի տարածք և հնարավոր է գողություն կատարված լինի։
«ԱրմԼենդ» արշավական խմբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմեց, որ սեպտեմբերի 29–ին իրենց արշաբախումբը բարձարցել է Ամուլսարի լեռնագագաթ։
«Երբ լեռան գագաթ հասնելուն մնացել էր 20 մետր, հանդիպեցինք երկու աշխատակիցների, ովքեր ասացին՝ հետ վերադարձեք, սա սեփական տարածք է: Մենք չլսեցինք նրանց և շարունակեցինք դեպի գագաթ քայլելը»,- նշեց Մարտիրոսյանը։ Խմբի ղեկավարի խոսքով՝ աշխատակիցների այն կասկածները, թե հնարավոր է տարածքից գողություն կատարված լինի, իրականությանը չի համապատասխանում.
«Դա հիմարություն է, նման բան չի կարող լինել, մենք արշավախումբ ենք, պարզապես լեռ էինք բարձրացել և մեզ նախապես ոչ ոք չէր զգուշացրել, որ չէր կարելի բարձրանալ լեռ»,–ասաց նա։
Հավելենք, որ ոստիկանությունը ստուգում է հաղորդման մեջ նշված հանգամանքների իսկությունը։