«Այս իշխանությունը երբեք պարտվողական, հողատվական հայտարարություններ չի արել». Հայկ Խանումյան
Օրեր առաջ, ԱՄՆ կատարած այցի ժամանակ, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման տարբերակներին, նշել էր․ «ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Փաշինյանը տեղեկացրել էր նաև, որ ինքն առաջին հայ ղեկավարն է, որ նման դիրքորոշում է հայտնել հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչի համար էլ իր երկրում իրեն խստորեն քննադատել են լուծման այնպիսի տարբերակի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության երեք կողմերի միջև։
«Առաջին Լրատվական»-ը այս և այլ հարցերի շուրջ զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ:
- Ի՞նչ արձագանքներ է գտել Փաշինյանի ելույթն Արցախում, կարո՞ղ է գտնվել նման տարբերակ, որն ընդունելի լինի երեք երկրների ժողովուրդների համար։
- Գործնականում այսօր չկա մի լուծում, որը ընդունելի լինի Ստեփանակերտում, Երևանում և Բաքվում միաժամանակ: Դա կարող է լինել տեսականորեն: Խնդիրն այն է, որ նույնիսկ տեսականորեն նման տարբերակի ընդունումն Ադրբեջանում անհնարին են համարում: Սա նշանակում է, որ Հայաստանի վարչապետը տեսականորեն պատրաստ է լինել կառուցողական, իսկ Ադրբեջանը` ոչ: Հարցը նման կերպ լուծում չունի, և դա շատ լավ գիտակցում է նաև Փաշինյանը: Խնդիրն այստեղ այլ է` ինչպե՞ս կօգտագործի հնարավոր ստատուս քվոն հայկական կողմը: ՀՀ նոր կառավարությունը երբեք պարտվողական, հողատվական հայտարարություններ չի արել, զգալիորեն բարելավել է զինծառայողների կենցաղը և դրամական եկամուտները, զբաղված է սպառազինության արդիականացմամբ և Արցախում ենթակառուցվածքային մեծածավալ ծրագրերի աջակցությամբ։
- Փաշինյանն իր ելույթում շեշտադրումներ է արել նաև մեր անվտանգությանը վերաբերող հարցերին, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը, որքանո՞վ կարող են այդ հնչեցրած հարցերը լուծել մեր անվտանգության խնդիրները:
- Ոչ մի հայտարարություն էլ չի կարող անվտանգային հարցեր լուծել: Նման հարցերը լուծվում են կոնկրետ գործողություններով, ինչպես վերը նշեցի ՀՀ նոր իշխանությունները զգալիորեն բարձրացրել են Արցախի անվտանգային մակարդակը և այդ ուղղությամբ բազմաթիվ նոր ու մեծամասշտաբ ծրագրեր կան:
Նյութի աղբյուրը՝ 1in.am