Վերաքննիչ դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի որոշման դեմ բողոքը
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Անդրանիկ Մնացականյանի, քննում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ առանձնապես խոշոր չափերի վատնման համար մեղադրվող Կարեն Խաչատրյանի կալանավորման դեմ բողոքը։
Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի որոշմամբ։
Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը։
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին, որը նույնպես կալանավորված է։
Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ և Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին: Նույն օրն առավոտյան խուզարկություններ են կատարվել նրանց պատկանող տարածքներում: Նրանց առաջադրված մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։