Ճապոնացի գիտնականները արհեստական արյուն են ստեղծում, որը հնարավոր կլինի փոխներարկել բոլոր պացիենտներին՝ անկախ նրանց արյան խմբից
Ճապոնացի գիտնականները արհեստական արյուն են ստեղծում, որը հնարավոր կլինի փոխներարկել բոլոր պացիենտներին՝ անկախ նրանց արյան խմբից: Արհեստական արյունը պարունակում է արյան կարմիր բջիջներ, որոնք թթվածին են տեղափոխում, ինչպես նաեւ թրոմբոցիտներ, որոնցից է կախված արյան մակարդելիությունը:
Փորձարարական բաղադրությունը փորձել են արյան ծանր կորստով 10 ճագարների վրա, որոնցից 6-ը ողջ են մնացել արյան փոխներարկման շնորհիվ: Գիտնականների խոսքով՝ այս արդյունքները միանգամայն համադրելի են սովորական արյան օգտագործման ցուցանիշներին:
Եթե համանման արդյունքներ ստացվեն նաեւ մարդկանց մասնակցությամբ հետազոտություններում, ապա մարդկությունն իր տրամադրության տակ կունենա յուրահատուկ բաղադրություն, որը կլուծի դոնորական արյան հետ կապված բոլոր խնդիրները:
Աշխարհում մինչեւ հիմա նկատվում է դոնորական արյան պակաս, հատկապես հազվագյուտ խմբերի: Չնայած դոնորության մասսայականացմանը, այս խնդրին բախվում են նույնիսկ զարգացած պետություններում, չհաշված աղքատ եւ զարգացող երկրները: Դոնորական արյան պակասը հաճախ դառնում է պացիենտների մահվան պատճառը, ինչպես նաեւ անհնարին է դարձնում շատ վիրահատություններ ու միջամտություններ: