Առաջին անգամ Ինդոնեզիայի խորհրդարանի խոսնակը կին է դարձել
Ինդոնեզիայի ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) խոսնակի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցրել: The Jakarta Post պարբերականն այսօր հայտնել է, որ խոսնակն է դարձել Պուան Մահարանին՝ երկրի ազգային հերոս եւ ժամանակակից Ինդոնեզիայի հիմնադիրներից մեկի՝ Սուկարնոյի թոռնուհին:
«74 տարի հետո, վերջապես, երկրի խորհրդարանը կին է ղեկավարում: Հուսով եմ, որ սա օրինակ կլինի հանրապետության շատ կանանց համար, որ անհրաժեշտ է չվախենալ ինքնիրացվել տարբեր ոլորտներում»,- ասել է 46-ամյա Պուանը: Նրա 72-ամյա մայրը՝ Մեգավատի Սուկարնոպուտրին երկրում խոշոր Ինդոնեզիական պայքարի դեմոկրատական կուսակցության առաջնորդն է:
Փորձագետները նշում են, որ նոր խոսնակը, որը մինչեւ վերջերս զբաղեցնում էր մարդկային ներուժի զարգացման եւ մշակույթի հարցերով նախարար-համակարգողի պաշտոնը, դարձել է 2024 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու գլխավոր թեկնածուներից մեկը: Դրանից բացի, քաղաքագետները նշում են, որ Պուանը 2020 թվականին մորը կփոխարինի երկրի ամենախոշոր կուսակցության նախագահի պաշտոնում, որը ապրիլյան ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանի կազմում ամենամեծ թվով տեղերն է ստացել:
Սուկարնոն երկիրը ղեկավարել է 1945-1967 թվականներին, նրա դուստր Մեգավատի Սուկարնոպուտրին դարձել է հանրապետության առաջին կին նախագահը, այս պաշտոնը նա զբաղեցրել է 2001-2004 թվականներին: