Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն Արցախում է
Ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը հայտնել էր, Վահան Կոստանյանն իր Facebook-ի էջում գրել էր.
«Իսկ այս ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը արդեն Արցախում է։
Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»:
Ահա ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն այսօր առավոտյան ժամանել է Արցախ: Կոնգրեսականը կհանդիպի պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Արցախ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները, ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող մարդասիրական ծրագրերն ու ուսումնասիրելու ժողովրդավարության ամրապնդման գործում ԱՄՆ-ի օգնության նոր միջոցները:
Փալոնեին դիմավորել է Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի գլխավորությամբ: Նրան ուղեկցել են ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Կոնգրեսի աշխատակից Ջեյմս Ջոնսոնն ու ՀՀ կառավարության աշխատակիցներ:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիերը, Ֆրենկ Փալոնեն եւ Ադամ Շիֆն ԱՄՆ պաշտպանության նախարարությանն ու պետքարտուղարությանն ուղղված իրենց նամակում պահանջել են անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:
«Մեզ խորապես անհանգստացնում է Ադրբեջանին եւ Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության անհավասարությունը»,- նշվում է կոնգրեսականների նամակում: