Օրենսդիր մարմինը պետք է անի առավելագույնը, որպեսզի Սահմանադրական դատարանի դերը և հեղինակությունը բարձրացնի. Լիլիթ Մակունցը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին
Օրենսդիր մարմինը պետք է անի առավելագույնը, որպեսզի Սահմանադրական դատարանի դերը և հեղինակությունը բարձրացնի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին, նա նշեց/ «Ես ասել էի ժամանակ առաջ, որ եթե մյուս խմբակցությունները նպատակահարմար գտնեն արտահայտելու իրենց դիրքորոշումները նախապես, ապա դա լավ կլինի թե հանրության համար, թե մեզ համար՝ իմանալու, թե աջակցում են մեր նախագծին թե ոչ: «Լուսավոր Հայաստանն» արդեն հայտարարել է այդ մասին, ԲՀԿ-ում իմ տեղեկություններով, այս պահին դեռեւս չկա վերջնական դիրքորոշում»:
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի ներկա լինելուն այդ հարցի քննարկմանը, Մակունցն ասաց, որ դա Հրայր Թովմասյանի իրավունքն է, որևէ մեկը չի կարող նրան պարտադրել ներկա լինել:
Ըստ Մակունցի՝ հենց հանրության աչքին ՍԴ-ի հանդեպ վստահության բարձրացման նպատակով էլ սկսել են Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը. «Մենք համարում ենք, որ սա այն քայլերից մեկն է, որը պետք է արվի, անկախ նրանից, թե ինչ արդյունք կունենանք, թե Սահմանադրական դատարանն ի վերջո ինչպիսի եզրակացություն կներկայացնի իրավական հիմքերի վերաբերյալ: Մենք գտնում ենք, որ դա որեւէ կերպ խոչընդոտ չի հանդիսանում դատարանի վարկանիշը վերականգնելու առումով: Սա միակ քայլը չէ, որ պետք է կատարվի այդ ուղղությամբ՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների համատեքստում»,- ասաց Մակունցը:
Նա նշեց, որ, կախված նրանից, թե ինչ դիրքորոշում կհայտնի Սահմանադրական դատարանը, «Իմ քայլը» խմբակցությունը կորոշի իր հետագա քայլերը. «Նախատեսած քայլերի հաջորդականության մասին չեմ կարող բարձրաձայնել, սակայն դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ մենք չենք աշխատում»:
Հարցին, թե «Իմ քայլը» խմբակցության ներսում կա՞ միասնական դիրքորոշում, որ միանշանակ կողմ են քվեարկելու նախագծին, Մակունցը պատասխանեց. «Հենց մենք ենք ներկայացրել նախագիծը եւ մեր պատգամավորների կողմից այլ դիրքորոշում ո՛չ նիստերի, ո՛չ մասնավոր զրույցներում խմբակցության պատգամավորների կողմից չի հնչեցվել:
«Գիտեք, որ ձայների այն քանակը, որն անհրաժեշտ է նախագիծը Սահմանադրական դատարան ներկայացնելու համար, «Իմ քայլը» խմբակցությունում այդ ձայները բավարարում են, բայց սա միայն մեր խմբակցության հարցը չէ, բոլոր խմբակցությունները պետք է շահագրգռված լինեն հարցի պատշաճ քննությունն իրականացնելու գործընթացի համար»,- ընդգծեց Մակունցը:
Հարցին՝ իրատեսակա՞ն եք համարում, որ ՍԴ դատավորները կողմ կլինեն նախագծի անցնելուն, նա պատասխանեց, որ հարցը դիտարկում է այն տեսանկյունից, որ դատավորները որոշում կկայացնեն բացառապես իրավական դաշտում՝ իրավական փաստաթղթերի հիման վրա. «Պետք է նախ առաջնորդվել այն ելակետով, որ ՍԴ դատավորները կկայացնեն բացառապես իրավական փաստարկների վրա որոշում: Չեմ ուզում նախապես որևէ դիրքորոշում հայտնել: Հուսանք, որ կկայացնեն անաչառ որոշում: Ոչինչ պետք չէ բացառել»: