Բարձր ենք գնահատում ԵԱՏՄ շուկայում Հայաստանի մրցակցային առավելությունները. ՌԴ նախագահի խորհրդական. Սերգեյ Գլազև
Մենք բարձր ենք գնահատում ԵԱՏՄ շուկայում Հայաստանի մրցակցային առավելությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:
Նրա խոսքով՝ Հայաստանը շատ ակտիվ ներգրավված է ԵԱՏՄ-ի աշխատանքներին:
«ԵԱՏՄ-ում Հայաստանի ներուժը սկսում է բացահայտվել: Դա արտահայտվում է համատեղ ներդրումային ծրագրերի աճի, կոոպերացիոն կապերի եւ համատեղ առեւտրի վերականգնման տեսքով: Հայաստանը հնարավորություն ունի վերականգնել ինչպես իր հին (սարքաշինության, ոսկերչական, արդյունաբերական ոլորտներում), այնպես էլ նոր առավելությունները, մասնավորապես, ֆինանսական ոլորտում»,- նշեց նա:
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչ խնդիրներ կան ԵԱՏՄ-ում, Գլազեւը նշեց, որ չկան խնդիրներ, կան միայն առաջադրանքներ:
«Օրինակ, ստեղծվել է ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր շուկա, որը գործում է միասնական տարածության սահմաններում՝ բացառությամբ որոշ սեկտորների: Ընդհանուր առմամբ, միասնական շուկան ծրագրվում է ձեւավորել 2024-ին: Այժմ ինտեգրացիոն մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման, ինտեգրացիայի խորացման եւ վերազգային մարմիններին հավելյալ լիազորություններ տրամադրելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Դա բնական գործընթաց է: 2024-ին ծրագրվում է նաեւ վերացնել գազի արդյունաբերության ոլորտում բնական մենաշնորհների բարիերները»,- հստակեցրեց ՌԴ նախագահի խորհրդականը:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում շարունակվում է «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով ֆորումը: