Կալանավորվել է Հրայր Թովմասյանի սանիկը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, քիչ առաջ որոշում է կայացրել բավարարել քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Նորայր Փանոսյանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Նշենք, որ Աթանեսյանը միջնորդել էր դատարանին՝ Փանոսյանին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Փանոսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 28-ին: Համնաձայն գործի նյութերի՝ Նորայր Փանոսյանը 2011-2014թթ. զբաղեցնելով արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ միասին, խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013թթ. ընթացքում նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, էական վնաս է պատճառվել պետության, Երևան համայնքի, ինչպես նաեւ նշված նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:
Փանոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: