Հունաստանը խստացրել է միգրանտներին ապաստան տրամադրելու քաղաքականությունը
Հունաստանի Նախարարների խորհուրդը երկուշաբթի օրվա նիստում որոշել է խստացնել ապաստանի տրամադրման միջնորդությունների հանձնման եւ ապաստանի տրամադրման համակարգը, տեղեկացրել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սթելիոս Փեթսասը։
Նիստի մասին հայտարարվել էր նախապես, բայց դրանից մեկ օր առաջ Լեսբոս կղզում տեղի ունեցան զանգվածային անկարգություններ։ Միգրանտներն այրեցին բնակարանի կոնտեյներները եւ խռովություն բարձրացրին Մորիա ճամբարում։ 3 հազար հոգու համար նախատեսված ճամբարում 12,6 հազար միգրանտ կա։ Վերջին ամիսներին կտրուկ ավելացել է միգրացիոն հոսքը թուրքական ափից։ Էգեյան ծովի կղզիներում ընդհանուր առմամբ 30,3 հազար ներգաղթյալ կա։
«Նիստում քննարկվել են վերջին իրադարձությունները ներգաղթի եւ փախստականների հոսքի հարցում, ինչպես նաեւ ապաստան տալու միջնորդության եւ ապաստան տրամադրելու համակարգի խստացման մասին օրինագիծը»,- ասվում է ՌԻԱ «Նովոստի»-ում պաշտոնական ներկայացուցչից ստացված հաղորդագրությունում։
Երկիր եկող ազգությունների վիճակագրության ուսումնասիրման հիման վրա ընդհանուր համոզմունքն այն էր, որ դա միգրանտների եւ ոչ թե փախստականների խնդիր է, ասել է Փեթսասը։ Նրա խոսքով՝ իրավիճակը շտկելու համար որոշվել է ուժեղացնել սահմանների պահպանությունը, արդեն ուժեղացվել է կղզիների ամենօրյա պարեկումը Էգեյան ծովի արեւելյան մասում։
Նախատեսվում է պահման փակ կենտրոնների կառուցում նրանց համար, ովքեր ապօրինաբար մտել են երկիր եւ ապաստանի իրավունք չունեն կամ որոնց միջնորդությունը մերժվել է, տեղեկացրել է Փեթսասը։ Այժմ միգրանտները կարող են ազատ դուրս գալ տեղակայման եւ նույնականացման կենտրոններից։
Հունաստանի կառավարությունը նախատեսում է նաեւ արագացնել ապօրինի միգրանտների վերադարձը Թուրքիա, որտեղից նրանք եկել են։ Բացի այդ, այժմ անհապաղ կվերադարձնեն նրանց, ովքեր ապօրինի մտել են Հունաստան։