Եվ Փաշինյանը, եւ Վանեցյանը պետք է զուսպ լինեն. Րաֆֆի Հովհաննիսյան
Բոլոր պետական պաշտոնյաները պետք է զուսպ լինեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով Վանեցյան-Փաշինյան հեռակա բանավեճին:
«Սա անլուրջ պետական իրավիճակ է, դա վերաբերում է թե՛ նախկին, թե՛ հատկապես ներկա պաշտոնյաներին։ Դա վերաբերում է նաեւ անվտանգության ծառայողներին եւ երկրի վարչապետին։ Բոլորը պետք է զուսպ լինեն, դա վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, Արթուր Վանեցյանին, բոլորին՝ անխըտիր, առանց բացառության, աշխարհն է տեսնում, աշխարհն է վերլուծում»- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը երկում գլոբալ առաջընթաց տեսնում է, սակայն նրա կարծիքով՝ երկրում ամեն ինչ շարունակում է կախված մնալ մեկ անձից:
«Ընթացակարգային գլոբալ առաջընթաց կա: Կան առանձին հարցեր, որոնք կասկածներ եւ հարցեր են հարուցում, համակարգային քաղաքականաստեղծ աշխատանքի հարցական կա, շատ բան կախված է հենց վարչապետի անձից, եւ դա մտահոգություն է առաջացնում: Մեզ մոտ յուրաքանչյուր նախագահ կերտել է իր նախագահությունն իր անհատականության վրա: Չեմ մեղադրում, յուրաքանչյուրն էլ ուզում է իմաստավորել իր քաղաքական կյանքը, դա մարդկային է, դա բնական է: Առաջին նախագահի ժամանակ ռուսական մամուլում հոդվածներ էին գրվում՝ «Лидер, которого ждали» վերնագրով: Երբ պետությունը կախված է մի մարդուց, նրա որոշումից, բնավորությունից, ակնարկից, դա պետություն չի այլեւս: Պարոն Փաշինյանը տակավին հնարավորություն ունի տարբերվելու, իր ներդրումը գնահատելու, ինքը ճիշտ մարդ էր, ճիշտ ժամին, ժողովրդի սուրհանդակն էր: Բայց հիմա մենք պետք է ապագայի համար համակարգային պատասխանատվության մեխանիզմ ստեղծենք, մտածենք հաջորդների մասին, թե չէ ապագա տապալում կլինի: Մենք չենք ուզում տեսնել ո՛չ մեր հավաքական, ո՛չ վարչապետի անձնական տապալումը: Ժամանակն է՝ այս ազդակը հնչեցնելու, մենք չենք ուզում շարունակել անցյալի իներցիայով: Երբ գա այն ժամանակը, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը փոխանցի Գ ուժին, ոչ Ա-ին, այլեւս երբեք, այն պիտի աշխարհում ամենուժեղը լինի»,- ասաց նա: