Աճուրդի կհանվի Էկվատորիալ Գվինեայի նախագահի որդու ավտոմեքենաների շքեղ հավաքածուն
Շվեյցարիայում աճուրդի կհանվի շքեղ ավտոմեքենաների հավաքածուն, որն առգրավվել էր Էկվատորիալ Գվինեայի փոխնախագահ Թեոդորո Նգեմա Օբիանգա Մանգուից, գրում է The Guardian-ը:
Ակնկալվում է, որ ավտոմեքենաների վաճառքից կստացվի 18.7 մլն դոլարի չափով հասույթ:
Bonhams բրիտանական աճուրդի տան ներկայացուցիչ Ֆիլիպ Քանթորի խոսքով՝ դա կլինի բացառիկ վաճառք, քանի որ կներկայացվեն շատ փոքր վազք ունեցող սուպերքարեր:
Հավաքածուի ամենաարժեքավոր ավտոմեքենաներն են Lamborghini Veneno Roadster-ը, որի արժեքը կազմում է 4.8-5.7 մլն եվրո, եւ դեղին Ferrari հիբրիդը, որն արժե 2.4-2.6 մլն եվրո:
Ավտոմեքենաներն առգրավվել էին Շվեյցարիայի արդարադատության համակարգի կողմից ֆինանսական իրավախախտումների գործի շրջանակում, որում մեղադրվում է Էկվատորիալ Գվինեայի փոխնախագահը, որն, ի դեպ, երկրի նախագահ Թեոդորո Օբիանգա Նգեմա Մբասոգոյի որդին եւ ժառանգն է:
Շքեղ ավտոմեքենաների նախկին սեփականատերն ունի փլեյբոյի եւ գեղեցիկ կյանքի սիրահարի համբավ: