Ֆրանսիայում դատարանն արգելել է երեխային «Ջիհադ» անվանել
Ֆրանսիայի արեւելքում գտնվող Դիժոն քաղաքի դատարանը վճիռ է կայացրել, որն արգելում է երեխային «Ջիհադ» անվանել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով France Info ռադիոկայանին:
Ռադիոկայանի տեղեկություններով՝ 2018-ի նոյեմբերին Դիժոնի բնակչուհին որդի է ունեցել եւ որոշել նրան «Ջիհադ» անվանել: Ամիսներ անց դատարանը կայացրել է իր վճիռը, եւ այդ անունը «երեխայի շահերին վնասող» ճանաչել:
«Նույնիսկ եթե «Ջիհադ» անունն օգտագործվում է արաբական աշխարհում եւ նշանակում է՝ սուրբ պայքար, սուրբ պատերազմ, աշխատանք, ջանք, եւ դրական իմաստ ունի, այն հասարակության մեջ մնում է որպես ահաբեկչական համատեքստ պարունակող անուն եւ ասոցացվում է իսլամիստական ֆունդամենտալիստական շարժումների հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ռադիոկայանը նշում է, որ երեխային կտան «Ջահիդ» անունը: