Մայր ու որդի կեղծել են մոր մահը հանուն ապահովագրության
Սինգապուրում մայր ու որդի կեղծել են մոր մահը հանուն ապահովագրության։ Ինչպես տեղեկացնում է Independent-ը, Աբրահամ Ռոքը դա արել է, որպեսզի լուծի իր ֆինանսական խնդիրները։
Արդյունքում՝ դատարանը նրան դատապարտեց 4 տարվա բանտարկության, մայրն ստացավ մեկ տարի ազատազրկում։
Աբրահամը պնդում էր, որ մայրը զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարից Պակիստանում՝ փորձելով ապահովագրով փոխհատուցում ստանալ։
Ռոքը, նրա մայրը եւ երեք այլ տղամարդիկ պայմանավորվել էին, որպեսզի կեղծեն կնոջ մահը։ Նա ապահովագրությամբ ստացել է 1-ական միլիոն դոլար երեք ընկերություններից։ Նա բժշկական եզրակացություն եւ մահվան վկայական է ներկայացրել Պակիստանի «Լեդի Ռեդինգ» հիվանդանոցից, ինչպես նաեւ նախահաշվի պատճենը մոր թաղման մարմարե ցուցանակի համար։
Սակայն երբ ապահովագրական ընկերությունները սեփական հետաքննություն են անցկացրել Պակիստանում, նրանք հայտնաբերել են, որ փաստաթղթերը կեղծված են եղել։