«Հյուսիս-հարավ»-ի ենթակապալառուների հանդիպումը Կառավարությունում չեղարկվել է. Պատճառները չեն նշվում
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ԲԸ իսպանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի 28 ենթակապալառուների ներկայացուցիչներին հրավիրել են Կառավարություն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանի, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչի, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցչի եւ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչի հետ հանդիպման, սակայն հանդիպումը այդպես էլ չի կայացել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Ժակշին» ընկերության հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հանդիպման չեղարկման համար որեւէ պատճառ չի ներկայացվել։ «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանն է ինձ մեսիջ է գրել, որ հանդիպումը չեղարկվել է»,–նշեց Գուրգեն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հաջորդ հանդիպման մասին դեռ խոսք չկա։
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների մոտ 850 աշխատակիցները դեռ 2018 թվականի սեպտեմբերից չեն ստացել իրենց աշխատավարձերը: