Վաշինգտոնը «խաղաղ գործընթացը զրկում է որևիցե վստահությունից». Մահմուդ Աբաս
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ԱՄՆ-ին քննադատել է՝ կապված իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման քաղաքականության հետ, փոխանցում է Reuters-ը:
ՄԱԿ ԳՎ-ում իր ելույթում Աբասը հայտարարել է, որ Վաշինգտոնը «խաղաղ գործընթացը զրկում է որեւիցե վստահությունից» եւ խափանում է 2 պետության սկզբունքով հակամարտության լուծման հեռանկարները:
Նա ԱՄՆ-ին քննադատել է նաեւ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու պատճառով: ԱՄՆ քաղաքականությունը «պաղեստինցի ժողովրդին դրդում է երկար սպասված խաղաղության հնարավորության հույսի կորստի», ասել է Աբասը՝ կրկին կոչ անելով անցկացնել միջազգային խաղաղ համաժողով:
Իսրայելի ԱԳ նախարարը մի քանի ժամ անց «բոլոր երկրներին» կոչ է արել հետեւել Ամերիկայի օրինակին եւ Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք:
«Ոչ ոք չի կարող հրեա ժողովրդին առանձնացնել մեր պատմական հայրենիքից, եւ ոչ ոք չի կարող մեզ առանձնացնել Երուսաղեմից, մեր հավերժական մայրաքաղաքից»,- ասել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը: Նա պաղեստինցիներին կոչ է արել վերադառնալ ուղիղ բանակցությունների՝ առանց որեւէ նախապայմանի:
Ուղիղ խաղաղ բանակցությունների վերջին փուլը տապալվել էր 2009 թվականին՝ վարչապետի պաշտոնը Բենիամին Նեթանյահուի կողմից ստանձնելուց կարճ ժամանակ անց: