Զոհրաբ Մնացականյանը Ֆեդերիկա Մոգերինիի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ օրակարգի հարցերը
ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպեց ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Նախարար Մնացականյանը իր երախտագիտությունը հայտնեց բարձր ներկայացուցիչ Մոգերինիին՝ իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության եւ համագործակցության համար:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Մնացականյանը եւ բարձր ներկայացուցիչ Մոգերինին քննարկեցին ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը արժեւորեցին ՀԸԳՀ-ն՝ որպես ընդհանուր կարեւոր ձեռքբերում եւ գնահատեցին վերջինիս դերը՝ որպես ԵՄ կողմից Հայաստանում մեկնարկած բարեփոխումներին աջակցելու, ԵՄ հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարեւոր գործիք: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց մարդկանց միջեւ շփումների խթանման եւ ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի ազատականցման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնահերթությունը հայկական կողմի համար:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ Արեւելյան գործընկերության տասնամյակի եւ նախաձեռնության ապագա տեսլականի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի համար ԱլԳ ոչ թե ԵՄ երկրների հետ հարեւանության ձեւաչափ է, այլ աշխարհագրորեն Եվրոպայի արեւելյան մասում գտնվող երկրների հետ համագործակցության հարթակ՝ հիմնված եվրոպական ընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ ԵՄ Բարձր հանձնակատարը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների եւ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման մասին: