Պատգամավորները ցանկանում են պետական մասնավորեցման ծրագրից հանել «Էներգոիմպեկս» և «Հայփոստ» ՓԲԸ-ները
Այս օրինագծով առաջարկվում է պետական մասնավորեցման ծրագրի ցանկից հանել «Էներգոիմպեկս» եւ «Հայփոստ» ՓԲԸ-ները: Սեպտեմբերի 27-ին ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «2017-2020 թվականներին պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Նրա խոսքով՝ «Էներգոիմպեկս» ՓԲԸ կարեւորությունը հաշվի առնելով կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրա գործունեությունը որպես պետական փակ բաժնետիրական ընկերություն կարող է ավելի արդյունավետ լինել: Բաբայանը նշեց, որ չի բացառում մասնավոր ներդրողների ներգրավելու հնարավորությունը:
Պաշտոնյայի կարծիքով՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն պետական մասնավորեցման ծրագրի ցանկից հանելուց հետո անհրաժեշտ կլինի ուսումնասիրել փոստային ծառայությունների վիճակը որակի եւ քանակի տեսանկյունից, համեմատել համաշխարհային շուկայում համանման ծառայությունների հետ եւ մոդել առաջարկել, որը կհամապատասխանի ժամանակակից իրողություններին եւ պահանջներին: «Ուստի անհրաժեշտություն կունենանք վարձելու քոնսալթինգային ընկերություն վերեւում նշված աշխատանքները կատարելու համար»,- հայտնեց Բաբայանը:
Նշենք, որ կարճատեւ քննարկումներից հետո օրինագիծը ստացավ խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: