«Մեզ այցելող քաղաքացիները ենթարկվում են հետապնդումների». Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակի հայտարարությունը
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակի անձնակազմը եւ գրասենյակ այցելող քաղաքացիները երեք շաբաթ շարունակ ենթարկվում են հետապնդումների եւ հոգեբանական ճնշումների «Վետո» նախաձեռնության անդամների կողմից: Այս մասին հայտարությամբ է հանդես եկել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Այս ամբողջ ընթացքում Հիմնադրամը ձեռնպահ է մնացել հրապարակային գործողություններից եւ հայտարարություններից՝ ապավինելով, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ գրասենյակի բնականոն աշխատանքն ապահովելու, հնարավոր բռնության եւ քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը արատավորող դրսեւորումները կանխելու համար:
Սակայն գրասենյակի դիմաց սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպը եւ դրան հաջորդած իրադարձությունները, որոնց հետեւանքով կոպտորեն խախտվել են Հիմնադրամ այցելած քաղաքացիների իրավունքները, դուրս են ցանկացած տրամաբանությունից:
2019 թ. սեպտեմբերի 25-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակ էին այցելել Հիմնադրամի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համատեղ ծրագրով Արարատի մարզում իրականացված «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցած կամավոր ուսուցիչները:
Գրասենյակ այցելելուց եւ հեռանալուց հետո «Վետո» նախաձեռնության անդամները հետապնդել են ուսուցիչներին, լուսանկարահանել եւ տեսանկարահանել նրանց, սուտ մեղադրանքներ հնչեցրել նրանց հասցեին, իսկ ավելի ուշ հրապարակել այդ նյութերը համացանցում՝ կոչ անելով սոցցանցերի օգտատերերին տեղեկություններ հայթայթել ու տրամադրել Հիմնադրամ այցելած մանկավարժների վերաբերյալ:
Հիմնադրամի ծրագրին կամավոր մասնակցած մանկավարժները, իրենց հասցեին շրջանառված սուտ եւ զրպարտիչ տեղեկությունների ազդեցության արդյունքում, դպրոցական անձնակազմի ու ծնողական համայնքի որոշ ներկայացուցիչների կողմից ենթարկվել են հանրային պարսավանքի եւ վիրավորանքի:
Մինչդեռ այս մանկավարժները մեկ ամիս շարունակ կամավորական հիմունքներով մայրենի լեզու եւ մաթեմատիկա են դասավանդել Արարատի մարզի 185 աշակերտի, ովքեր ուսումնական տարվա ընթացքում ունեցել են ցածր առաջադիմություն եւ ետ էին մնացել հանրակրթական ծրագրից:
Հիմնադրամը մանկավարժներին վերաբերող սուտ, զրպարտիչ տեղեկությունների հրապարակումն ու նրանց հանրային հետապնդումը, եւ դրանց հետեւանքով իրենց համայնքներում հանրային պարսավանքի ենթարկվելու փաստերը որակում է որպես «Վետո» նախաձեռնության կողմից հավաքների ազատության իրավունքի չարաշահում, որն արտահայտվել է քաղաքացիների անձնական կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարման, նրանց պատիվը, արժանապատվությունը եւ մանկավարժական բարի համբավի արատավորմանը հանգեցրած դրսեւորումներով:
Մենք վերստին կոչ ենք անում իրավապահ մարմիններին ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին պատշաճ գնահատական տալ կատարվածին եւ ձեռնարկել ժողովրդավարական եւ իրավական պետության պահանջներից բխող գործողություններ՝ ՀՀ քաղաքացիների իրավունքները, պատիվը եւ արժանապատվությունը վերականգնելու համար»: