Դեռևս 10 օր առաջ Վերին Լարս հասած հայկական բեռնատարներից շատերին մինչ այսօր թույլ չեն տալիս անցնել ռուս-վրացական սահմանը
Դեռևս 10 օր առաջ Վերին Լարս հասած հայկական բեռնատարներից շատերին մինչ այսօր թույլ չեն տալիս անցնել ռուս–վրացական սահմանը։ NEWS.am–ի հետ զրույցում Վերին Լարսում մնացած բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանը հայտնել է, որ այս օրերին շատ քիչ մեքենաներ են բեռնվածության զննման գործընթացներն անցնելուց հետո հատել սահմանը։ Հիմնականում սահմանն անցել են այն բեռնատարները, որոնք բեռնված են եղել մինչև 15 տոննա կշռող բեռով։
«Եթե սկզբում պատճառաբանում էին, թե իբր մեր մեքենաները գերբեռնված են և առաջարկում էին տուգանք նշանակել, որը կարող էինք վճարել 8 օրվա ընթացքում, հիմա էլ ստիպում են տեղում վճարել 50.000 ռուբլի տուգանք։ Մեր բեռնատարները 10-23 տոննա քաշով են բեռնված, 24–ից ավելի դեպքում նոր միայն համարվում է գերբեռնված։ Մեր վարորդները մեկ շաբաթից ավելի մնացել են սահմանին և հերթերն այդպես էլ չեն նվազում»,–ասել է նա։
Հայրապետյանը նշել է, որ խնդրի մասին դարձյալ իրազեկել են համապատասխան նախարարություններին, կառավարությանը, սակայն որևէ արձագանք չեն ստացել։
Ավելի վաղ Operativ լրատվականը, հղում կատարելով News.am լրատվականին, հայտնել էր, որ հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել են ռուս–վրացական սամանին գտնվող Վերին Լարսի անցակետում։