ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի աշխատասենյակում այսօր տեղի է ունեցել օտարերկրյա հյուրերի պաշտոնական ընդունելություն
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի աշխատասենյակում այսօր տեղի է ունեցել օտարերկրյա հյուրերի պաշտոնական ընդունելություն՝ ըստ պատվիրակությունների:
Այս տարի ԵՊՀ հարյուրամյակին նվիրված միջոցառումներին մասնակցում է 84 հյուր 21 երկրից՝ Բելառուսից, Բրազիլիայից, Կանադայից, Գերմանիայից, Չեխիայից, Վրաստանից, ԱՄՆ-ից եւ այլ պետություններից:
Հյուրերին առաջինը ողջունեց ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գեւորգյանը, որից հետո նրանք այցելեցին Լ. Ղարիբջանյանի անվան ԵՊՀ պատմության թանգարան եւ ծանոթացան համալսարանի հիմնադրման պատմությանը:
Մեզ հետ զրույցում Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի պրոֆեսոր Քրիստիան Թիթյեն նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել ԵՊՀ հարյուրամյակին նվիրված միջոցառմանը:
«Ես շատ եմ կարեւորում այն բարեկամական հարաբերությունները, որոնք ստեղծվել են մեր երկու համալսարանների միջեւ, ապագայում ծրագրում ենք սերտացնել մեր համագործակցությունը՝ ավելի շատ ուսանողներ ներգրավելով տարբեր ծրագրերում»,- ասաց Քրիստիան Թիթյեն:
Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի պրոֆեսոր Վահան Հակոբյանը կարեւորեց այն մեծ դերը, որ համալսարանն ունի սերունդներին կրթելու գործում:
«Գաղտնիք չէ, որ համալսարանի ամենակարեւոր գործառույթներից մեկն ապագա սերունդների կրթության գործառույթն է, եւ ուրախ եմ, որ Երեւանի պետական համալսարանն արդեն հարյուր տարի պատվով կատարում է իր առջեւ դրված խնդիրը,- ասաց Վահան Հակոբյանը,- ցանկանում եմ նաեւ նշել, որ նախատեսում ենք ընդլայնել համալսարանի հետ համագործակցությունը՝ իրականացնելով փոխանակման ծրագրեր»:
ԵՊՀ-ի հարյուրամյակը շնորհավորեց նաեւ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
«ԵՊՀ-ն հիմնադրվել է Հայաստանի համար համար շատ ծանր եւ դժվարին ժամանակահատվածում եւ այն քիչ կառույցներից է, որը կարողացել է այս տարիների ընթացքում անխափան կատարել իր աշխատանքը,- ասաց Ռուբեն Մելքոնյանը,- մեծ է համալսարանի դերը կրթական ավանդույթների ստեղծման եւ դրանց պահպանման գործում: Ես փորձելու եմ շարունակել եւ հաջորդ սերունդներին փոխանցել այն կրթական ավանդույթները, որոնք ստեղծվել են այս տարիների ընթացքում»:
Այսօր տեղի է ունենալու նաեւ ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ, որի ընթացքում նախատեսվում են ակադեմիական ազատության մասին հռչակագրի ընդունում եւ պարգեւատրման արարողություն: