Սանտեխնիկայի արտադրությամբ զբաղվող ընկերությունը նոր ծրագիր ունի, ըստ որի 150 նոր աշխատատեղ կստեղծվի
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշեց հարկային արտոնություն տալ «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Մասնավորապես, գործադիրը բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ կազմակերպությունը ներմուծված ապրանքներն օգտագործելու է սանտեխնիկայի արտադրության համար. «Արտադրությունը գործում է Արմավիրի մարզում, 2015 թվականից: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում արտադրել 23,5 մլրդ դրամի արտադրանք, որից 2,1 մ,լրդ դրամը կիրացվի ՀՀ-ում, մնացածը ԵՏՄ երկրներում: Ներկայումս կազմակերպությունում աշխատում է 31 աշխատակից, այս ծրագրի կիրառմամբ աշխատատեղերը կավելանան 150-ով՝ 265 հազար դրամ միջին աշխատավարձով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ մոտ 14 մլրդ դրամի ապրանքն է ներմուծվելու: