Փրկարարների աշխատավարձը հոկտեմբերի 1-ից կբարձրանա. Կրտսեր խմբինը 85-90 հազար դրամից կդառնա 130 հազար դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» որոշման մեջ:
Հարցը ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ փոփոխությունը պայմանավորված է փրկարար ծառայողների համար հավելումների վճարման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ:
Նրա խոսքով, փրկարար ծառայությունում հավելումների տրամադրման դեպքեր սահմանվել են միայն ատոմակայանի տարածքում տեղակայված փրկարարական ջոկատի կողմից հատուկ ծառայության համար, այն դեպքում, երբ այլ փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում հավելումներ չեն նախատեսվում, եւ ներկայումս հատուկ պայմաններում ծառայություն կատարող փրկարարների կրտսեր խմբի ծառայողների աշխատավարձը կազմում է 85-90 հազար դրամ, ինչը չի համապատասխանում նրանց կատարած աշխատանքին:
«Նրանք ոչ միայն վտանգում են իրենց կյանքը, այլեւ դա իրականացնում են ֆիզիկական եւ հոգեկան ծանրաբեռնվածության պայմաններում: Որոշմամբ նախատեսվում է 2019-ի բյուջեում մոտ 475 մլն դրամ, իսկ 2020 թվականի բյուջեում 1,903 մլրդ դրամ ծախսերի ավելացում»,-ասաց Ցոլակյանը:
Նա հավելեց, որ նախատեսվում է աշխատավարձի ֆոնդի 29 տոկոսի չափով բարձրացում, հիմնական բարձրացումը լինելու է շարքային անձնակազմի համար: Նույնիսկ այս բարձրացումից հետո մյուս ուժային կառույցների աշխատակիցներից փրկրարաների աշխատավարձը ցածր է լինելու:
Ցոլակյանը նշեց, որ կրտսեր խմբի աշխատակիցների աշխատավարձը հոկտեմբերի 1-ից կդառնա 130 հազար դրամ: