Կանադայի ափերի մոտ հայտնաբերել են հազվադեպ կապույտ կետի մնացորդներ
Հազվադեպ կապույտ կետի մնացորդներ են հայտնաբերվել Կանադայի ատլանտյան ափին, Պորտ Հոուքսբերի քաղաքից (Նոր Շոտլանդիա նահանգ) ոչ հեռու, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CTV հեռուստաալիքին։
Ծովային կենդանիների պաշտպանության կանադական ընկերության մասնագետները պարզել են, որ դա երիտասարդ կետ էր։ Նրա երկարությունը կազմում է 17 մետր։ Առաջիկայում կաթնասունի մնացորդները մանրակրկիտ կուսումնասիրեն նրա մահվան պատճառները։ Նախնական տվյալներով՝ ծովային հսկայի մահը կարող էր վրա հասնել նավի հետ բախման հետեւանքով։
Կապույտ կետերի մասնագետ, կենսաբան Ռիչարդ Սիրզի խոսքով՝ կաթնասունների այդ տեսակը չափից ավելի քիչ սերունդ է տալիս, ինչը խնդիր է պոպուլյացիայի համար։ «Վերջին տարում մենք հաշվել ենք միայն 31 նորածին կապույտ կետերի շրջանում (որոնք ապրում են կանադական Ատլանտիկայի ջրերում)»,- ասել է նա հեռուստաալիքին։
20-րդ դարի կեսին կապույտ կետերի պոպուլյացիան գրեթե լիովին վերացվեց, ինչի հետեւանքով 1966 թվականին դրանց որսն արգելվեց ամբողջ աշխարհում։ Տարբեր գնահատականներով՝ ներկայում համաշխարհային օվկիանոսում ապրում է 10-25 հազար կապույտ կետ։ Հյուսիսային Ատլանտիկայում, գիտնականների ենթադրություններով, դրանք կարող են հասնել 600-1,5 հազար առանձնյակի։