Ճամբարակի քաղաքապետի հայրը ապօրինի կերպով արդյունահանել է մեծ քանակությամբ ավազ և հող (Տեսանյութ)
Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի հայրն առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության Ճամբարակ եւ Շողակաթ համայնքների վարչական տարածքում, ինչպես եւ Շրջակա միջավայրի նախարարության Սեւան ազգային պարկի Արտանիշի տարածքում կազմակերպել եւ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, եւ ուղարկվել է Քննչական կոմիտե։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզեցին, որ 2017-2019 թվականների ընթացքում Ճամբարակի ղեկավարի հայրն առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության Ճամբարակ եւ Շողակաթ համայնքների վարչական տարածքում, ինչպես եւ Շրջակա միջավայրի նախարարության Սեւան ազգային պարկի Արտանիշի տարածքում կազմակերպել եւ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, մասնավորապես, արդյունահանել է լիցենզավորման ենթակա 1200 խորանարդ մետր ավազ եւ 1000 մետր խորանարդ մետր հող, որոնք շուրջ 6 միլիոն 2 հարյուր հազար դրամով իրացրել է։
Քննության տվյալների համաձայն՝ պետությանը պատճառվել է 7 միլիոն 5 հարյուր հիսուն հազար դրամի վնաս։ Պարզվել է նաեւ, որ Ճամբարակ եւ Շողակաթ համայնքների ղեկավարները, ինչպես նաեւ Սեւան ազգային պարկի Արտանիշի մասնաճյուղի ղեկավարն անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իրենց կարգադրիչ լիազորություններն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, թույլատրելով, որ Ճամբարակի ղեկավարի հայրն ապօրինի կերպով զբաղվի ավազի եւ հողի արդյունաբերությամբ։ Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ հետագա քննության հանգամանքները պարզվում են։