Երբեք այսքան ազատ և անկախ դատական համակարգը չի եղել, որքան այսօր. ԲԴԽ նախագահը Գյումրիում
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը պնդում է, որ դատական համակարգի նկատմամբ ճնշումներ չկան: Այս մասին այսօր` սեպտեմբերի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ԲԴԽ նախագահը:
«Երբեք այսքան ազատ եւ անկախ դատական համակարգը չի եղել, որքան այսօր: Երբեք Կառավարության ծրագրի մեջ չի եղել հետեւյալ 3 կետը, որ դատավորներիմ աշխատավարձն է ավելանալու, երբեք չի եղել, որ Կառավարությունը նախատեսում է, որ գումար հատկացնել, որ շենքային պայմանները բարելավվեն եւ դատավորների քանակն ավելացնեն: Դատական համակարգի մշտական խնդիրը եղել է դատավորների քիչ քանակն ու խսիտ սոսկալի ծանրաբեռնվածությունը»,-ասել է նա:
ԲԴԽ նախագահը դատական համակարգի նկատմամաբ ճնշում չի համարում առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված քրգործը:
«Բոլոր դատավորները պետք է շատ ավելի զգույշ եւ ուշադիր լինեն եւ փորձեն գործել իրավունքի եւ օրենքի գերակայությունից ելնելով»,- ընդգծել է նա:
Անդրադառնալով հայկ Ալումյանի դիմումին, թե ովքեր են «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորները» ԲԴԽ նախագահը ասել է.
«Դիմումը չենք ստացել, բայց եթե ստանանք, անպայման կպատասխանենք: Կախված հարցադրումից կորոշեմ` ինչպես պատասխանել»:
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երեկ տեղի ունեցած դատական նիստին քննարկվում էր ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդությունը, երբ պաշտպանը իր հայտարարությունում նման հարց էր ուղղել դատավորին:
«Մենք պատրաստվում ենք միջնորդել, որ դուք ինքնաբացարկ հայտնեք, ի թիվս այլ հանգամանքների, որոնք կապված են լինելու մեր միջնորդության հետ, մենք ուզում ենք իմանալ՝ դուք անձամբ դռների տակ վնգստացող դատավորների ցուցակում կա՞ք, թե՞ չկաք»,- ասել էր նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։