Արարատ Միրզոյանը Լենա Նազարյանի հրաժարականի մասին լուրերը երևակայական է համարում
«Եռաբլուր» պանթեոնում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց, «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ են դուրս գալու, հրաժարականներ են լինելու, այդ թվում հեռանալու է Լենա Նազարյանը:
«Երբեմն ձեր գործընկերներից որևէ մեկը ինչ-որ միտք է երևակայում, դա հանձնում է թղթին, հանրությանը, հետո մյուսը հղում է անում այդ մտքին, կառուցում է նյութ դրա վրա, հետո երրորդ գործընկերն է հղում անում և այդպես մի շրջապտույտ հետո մի պատկեր ենք տեսնում, որն ընդհանրապես իրականության հետ կապ չունի»:
Դիտարկմանը, որ Արթուր Վանեցյանի եւ Վալերի Օսիպյանի պարագայում մամուլի տեղեկությունները իրականություն դարձան, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես չեմ ասում՝ ինչ գրվում է մամուլում, սուտ է: Ես ասում եմ՝ կոնկրետ այս դեպքում և այլ դեպքերում լինում են ոչ իրավացի տեսություններ, վարկածներ, դրանք որպես իրականություն մատուցելու համոզիչ փորձեր»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանն առաջարկել է երկուսը երկուսի դիմաց փոխանակում անել և իրենց հանձնել երկու դիվերսանտներին, Արարատ Միրզոյանն ասաց, որ ինքն այդպիսի հարցերի շուրջ իր դիրքորոշումը հայտնել է Անվտանգության խորհրդի նիստում, այդ թվում Ստեփանակերտում կայացած Անվտանգության խորհրդի նիստում
Դիտրակմանը, որ այդ հարցում կարծես թե Երևանից և Ստեփանակերտից տարբեր կարծիքներ են հնչում, ԱԺ նախագահն ասաց. «Ես չէի ասի, որ Ստեփանակերտում և Երևանում են տարբեր կարծիքներ հնչում: Եվ Հայաստանի, և Արցախի անվտանգության խորհուրդների անդամներ այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնել: Բայց այնպես չէ, որ արցախի մեր գործընկերները մի բան են ասել, Հայաստանի մեր գործընկերները՝ այլ բան: Իհարկե, ես չեմ բացահայտելու իմ դիրքորոշումը»: