Ամուլսարի շահագործման դեմ միշտ էլ պայքարը եղել է. Ջերմուկի թիվ 1 դպրոցի ուսուցիչ (Տեսանյութ)
Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի բակում աշակերտների մի մասը դասադուլ են անում, նրանց են միացել գործադուլ հայտարարած ծնողները։
Դպրոցի բակում նաև ուսուցիչներ կան։ Դպրոցի ուսուցիչներից Բաբայան Գոհարը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ մասամբ է մասնակցում գործադուլին. «Այս ժամը ազատ էի, մասնակցում եմ, բայց հաջորդ ժամը դաս ունեմ, որոշ աշակերտներ դասարանում են, պիտի աշխատենք իրենց հետ»։
Ուսուցչուհու մտահոգված է հանքի շահագործմամբ. «Երբ ասում են ժամանակին ինչու չեք խոսել, միշտ էլ պայքարը եղել է, պարզապես սկզբում ցիանիդի հարթակի մասին տեղյակ չէին մարդիկ, վտանգը չէին հասկանում, իսկ հիմա հասկացանք, որ եթե շինարարական աշխատանքների ժամանակ մեր քաղաքն այդքան վնաս է կրել, ապա ինչ կլինի եթե հանքը շահագործվի»։
Գործադուլին են միացել նաև «Օլիմպիա» առողջարանի աշատակիցները։ Առողջարանի մենեջեր Սերիկ Իսկանդարյանն ասաց, որ արդեն 1 տարի պայքարում են և կպայքարեն, թույլ չեն տալու Ամուլսարի հանքի շահագործումը։
«Հանգստացողները ասում են, որ այլևս չեն գա, երբ հանքը սկսի շահագործվել։ Մեզ այս հանքը պետք չէ, թող տուրիզմը զարգացնեն»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել են բնապահպանական մոբիլիզացիայի և արդարության օր։
Քիչ առաջ Operativ րատվականը հաղորդել էր, որ այսօր Ջերմուկում և Գնդեւազում դասադուլ և գործադուլ է։ Նախատեսվում են նաև մի շարք միջոցառումներ Երևանում։