Սպորտով զբաղվելը դանդաղեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը
Շաբաթը մի քանի անգամ սպորտով զբաղվելը կարող է դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը ռիսկի գոտում գտնվող մարդկանց համար։
Ինչպես տեղեկացվում է MedicalXress-ի մամլո ամփոփագրում, գիտնականները հետազոտությունն իրականացրել են 55 տարեկանից բարձր 70 մարդու մասնակցությամբ։ Ինչպես պարզվել է, հիպոկամպում բետա-ամիլոիդների կուտակումներ ունեցող մարդկանց մոտ (դա համարվում է Ալցհեյմերի հիվանդության տարբերակիչ գիծը) կանոնավոր աերոբային մարզումների արդյունքում մեկ տարվա ընթացքում հիվանդության զարգացումը դանդաղում է։
Թեև վարժությունները չեն կանխել ամիլոիդային բծերի առաջացումը, որոնք, ինչպես ընդունված է կարծել, կարևոր դեր են խաղում նեյրոնների վերացման գործում, դրանք արդյունավետ են հիվանդության վաղ փուլերում և արգելակում են դրա զարգացումը։
Ինչպես հայտնի է, ֆիզիկական պատրաստվածության ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ կենսականորեն կարևոր նյարդային հանգույցների ծավալն ուղեղում, որոնք կոչվում են սպիտակ նյութ, ավելի արագ է նվազում, քան ֆիզիկապես ակտիվների մոտ։ Մկների վրա փորձերի արդյունքները ցույց են տվել, որ վարժությունները հարաբերակցվում են հիպոկամպի՝ ուղեղի այն հատվածի վիճակի ավելի դանդաղ վատթարացման հետ, որը պատասխանատու է երկարաժամկետ հիշողության ձեւավորման համար։
Գիտնականները նախատեսում են եւս մեկ հետազոտություն կատարել 600 տարեց մարդկանց մասնակցությամբ, որոնց մոտ մեծ է Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը։ Հետազոտության նպատակն է լինելու պարզել, թե կարող են արդյոք աերոբային վարժությունները և բարձր արյան ճնշումն իջեցնող դեղերի ընդունումն օգնել պահպանել ուղեղի ծավալն ու իմացական կարողությունները։