Ի՞նչ խորհուրդներ է տալու Վալերի Օսիպյանը վարչապետին. Վլադիմիր Կարապետյանը հստակ պատասխան չտվեց
Ինչպես Operativ լրատվականը ավելի վաղ հաղորդել էր, ճեպազրույցի շրջանակներում լրագրողների հարցերին է նաև պատասխանել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Ի՞նչ խորհուրդներ է տալու վարչապետին արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որի գործունեությունից վարչապետը դժգոհ էր: Այս հարցն ուղղեցին լրագրողները նրան: «Երբ պարոն Օսիպյանի հետ հանդիպեք, հարցրեք, հարցն իրեն է ուղղված: Եթե մի ուղղությամբ, մի գործառույթի շրջանակներում կան որոշակի հարցադրումներ, դա չի նշանակում, որ թիմի անդամը կամ այն պաշտոնյան, որին ղեկավարությունը վստահում է, չի կարող մեկ այլ ուղղությամբ օգտակար լինել և իրականացնել պատշաճ մակարդակի գործունեությունը»,-ասաց նա:
Նշենք, որ նախօրեին Վալերի Օսիպյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից, իսկ դրանից մի քանի ժամ անց նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական:
Հարցին, թե պետական կառավարման համակարգում չկա՞ն այլ պաշտոնյաներ, նախարարներ, որոնց նկատմամբ վարչապետը կասկածներ ունի եւ ցանկանում է պաշտոնանկ անել, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Եթե շարունակում են պաշտոնավարել, ի՞նչ կասկածի մասին է խոսքը: Ուրեմն ունեն վարչապետի վստահությունը»: