ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա. նա կմասնակցի BRICS երկրների համաժողովին
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու սեպտեմբերի 16-ից 18-ը կայանալիք BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովին:
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ համաժողովի շրջանակում տեղի են ունենալու նաև Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական 50-րդ և ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 36-րդ նիստերը:
Նիստերի ընթացքում քննարկվելու են «Բժշկական սարքավորումների ապրանքային շուկաներում մրցակցության իրավիճակի վերաբերյալ» հաշվետվության ընթացքը, ԱՊՀ մասնակից պետություններում գաղտնիությունից հրաժարվելու (waiver) մեխանիզմի կիրառման վերաբերյալ տիպային պարզաբանումները, հակամենաշնորհային օրենսդրության էքս-տարածքային կիրառման հարցում մասնակից պետությունների փորձը, ինչպես նաև սակագնային կարգավորման համակարգի կատարելագործմանն առնչվող հարցեր:
Գեղամ Գևորգյանը Խորհրդի նիստին կներկայացնի մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել կարևոր իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն: