Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել են բնապահպանական մոբիլիզացիայի օր (Տեսանյութ և լուսանկարներ)
Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ երեկոյան քաղաքն անհանգիստ էր. «Մեր պայքարն արդար է, Ամուլսարը սար է», «Արև, արև եկ, եկ, Ամուլսարին վեր եկ» և այլ վանկարկումներով բողոքի ակցիա էր ընթանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի:
Ակցիայի մասնակիցները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի և արդարության օր։ Հիշեցնենք, որ հենց սեպտեմբերի 20-ին են Ջերմուկի բնակիչները և Ամուլսարի պաշտպանները նշանակել երկրի կառավարության համար այն վերջնաժամկետը, երբ որոշում պետք է կայացվի Ամուլսարի մասին։
Ակտիվիստ Աննա Շահբազյանը կառավարության լուսամուտների տակ տեղի ունեցած ինքնաբուխ միտինգի ժամանակ հայտարարեց, որ կառավարությունն անգործության է մատնված, իսկ հանքավայրի շահագործումն արգելելու իրավական հիմքերի բացակայության մասին հայտարարությունները քննադատության չեն դիմանում։
Ցույցի մասնակիցները իշխանություններին կոչ արեցին հարցը չձգձգել և չհովանավորել մասնավոր ընկերությանը։ Ակտիվիստի խոսքերով, բնապահպանության նախարարության եզրակացությունը ինքնըստինքյան հիմնավորում է դրա համար։ «Մենք Երևանում սատարում ենք ջերմուկցիներին։ Վստահ ենք, որ բոլոր մարզերում բնակիչները սատարում են, եւ Ամուլսարը սար կմնա»,- նշեց նա։
Ցույցի մասնակիցները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի օր և բոլոր քաղաքացիներին կոչ արեցին պատրաստվել զանազան ակցիաների, ինքնակազմակերպվել և դուրս գալ փողոցներ, պայքարել բնապահպանական արդարության համար․ ով չի կարող փողոց դուրս գալ, թող ի պաշտպանություն Ամուլսարի դրոշ կախի։