Օտարերկրացի վարորդների հանդեպ բալային համակարգը չի կիրառվի. փոխոստիկանապետ
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բալային համակարգը չի տարածվի օտարերկրացիների վրա, որոնք Հայաստանի տարածք են մտել արտասահմանյան համարանիշով ավտոմեքենաներով։ Այս մասին Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, սեպտեմբերի 10-ին ասել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նա նշել է, որ նման փոխադրամիջոցների վարորդների համար գոյություն ունեն ազդեցության այլ միջոցներ, ընդհուպ մինչև Հայաստանի տարածք մուտքի արգելումը։ «Բայց եւ այնպես, նրանց հանդեպ բալային համակարգը չի կարող կիրառվել»,- ընդգծել է Քոչարյանը։