Իսրայելի ԱԳ նախարարը մեկնաբանել է Իրանի վերաբերյալ ԱԷՄԳ զեկույցը
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացն ասել է, որ Իրանի կողմից միջուկային համաձայնագրի խախտման վերաբերյալ ԱԷՄԳ փորձագետների վերջին եզրակացությունների համատեքստում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի կառավարություններն ու մյուս գործընկերները պետք է հայտարարեն, որ չեղարկում են համաձայնագիրն ու միանում Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին։ Այս մասին Իսրայելի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը գրել է իր Թվիթերում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Պատմությունը ցույց է տալիս, որ բռնապետերին արվող զիջումները հանգեցնում են բռնության, ոչ թե խաղաղության։ Աշխարհը պետք է միավորվի ընդդեմ Իրանի՝ ի շահ միջուկային անվտանգության, այդ պետության կողմից տարածաշրջանային ու գլոբալ ահաբեկչությանն աջակցելու պատճառով»,- ընդգծել է Կացը։
Երկուշաբթի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները հաստատել են, որ Իրանը գործարկել է նոր սերնդի ցենտրիֆուգներ, ինչը թույլ կտա իսլամական հանրապետությանն ավելացնել հարստացված ուրանի պաշարները մինչեւ այն մակարդակ, որը գերազանցում է 2015թ. Վիեննայի համաձայնագրով թույլատրվածը։ Այս մասին տեղեկացրել է Ֆրանս պրես գործակալությունը՝ հղում կատարելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցչին։
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը կնքվել է 2015-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իրանի միջեւ, նախատեսում էր Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների աստիճանական հանում՝ Իրանի միջուկային ծրագիրը փակելու դիմաց։ 2019-ին, այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ ԱՄՆ-ը վերադարձավ Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներին, Վիեննայի համաձայնագրի ապագան հայտնվեց սպառնալիքի տակ։