Հետևելու ենք սեպտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքին. Արցախի ՄԻՊ գրասենյակ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ իր իրավասությունների շրջանակներում հետեւում եւ հետեւելու է սեպտեմբերի 8-ին կայանալիք ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման աշխատանքներին՝ ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՄԻՊ գրասենյակից։
Բացի տեղեկատվության բաց աղբյուրների դիտարկման աշխատանքներից, Պաշտպանի աշխատակազմը նաեւ ապահովում է շուրջօրյա ռեժիմով գործող՝ 116 հեռախոսահամարով թեժ գծի հնարավորություն, որին կարող են զանգահարել ընտրական իրավունքների իրացման հետ խնդիր ունեցող անձինք: Պաշտպանի աշխատակազմի հետ կապվելու մեկ այլ միջոց է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Դիտարկման եւ բողոքների քննարկման ընթացքում ուշադրության ներքո կլինեն ինչպես ընտրություններին մասնակցող անձանց, այնպես լրագրողների ու դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը:
Պաշտպանի աշխատակազմն արագ արձագանքելու է թեժ գծի հեռախոսահամարին ստացված եւ այլ միջոցներով հավաքագրված բողոքներին, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում հանդես է գալու հրապարակային հայտարարություններով ու մեկնաբանություններով: