Արցախում ՏԻՄ ընտրությունից առաջ կաշառքի դեպք է արձանագրվել
Արցախի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ կաշառքի 1 դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից: Օգոստոսի 31-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի կողմից ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը 2019թ. հուլիս ամսվա վերջերին ներկայացել է բնակիչներից մեկի տուն եւ վերջինիս առաջարկել է ընտրությունների ժամանակ քվեարկել իր օգտին՝ տալով 10.000 ՀՀ դրամ գումար: Քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված ոստիկանության կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ ԱՀ ոստիկանությունում թեկնածուների կողմից ահազանգեր են հնչել Շուշիում ու Ստեփանակերտում:
2019թ. սեպտեմբերի 06-ին, ժամը 22:20-ին Շուշիի քաղաքապետի թեկնածուներից մեկը ոստիկանության Շուշիի շրջանային բաժնից ոստիկանության վերակարգ է պահանջել, որը դեպքի վայր է ներկայացել ժամը 22:24-ին: Վերակարգը պարզել է, որ թեկնածուի կողմից կազմակերպված հավաքի վայրի մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել երկու անձանց միջեւ, որն առընչություն չունի թեկնածուի կողմից կազմակերպված հավաքի հետ: Հաղորդումը հաշվառվել է եւ ոստիկանության կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ:
2-րդ ահազանգը ստացվել է այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 11:51-ին: Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուներից մեկի շտաբից ԱՀ ոստիկանություն հայտնել են, որ Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի բակում Ստեփանակերտի քաղաքապետի այլ թեկնածուի օգտին շինարարական աշխատանքներ են իրականացվում:
Ստուգումը պարզվել է, որ նշված աշխատանքներն առընչություն չունեն ընտրությունների կամ որեւէ թեկնածուի հետ: Ստուգումները շարունակվում են: