ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է այն թեմաների մասին, որոնց շուրջ հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել ենք մեր ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացմանն առնչվող հարցեր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Արցախում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Շարունակական մենք քննարկում ենք մեր ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը եւ անվտանգության մակարդակի բարձրացումը: Փաստորեն Արցախի կառավարության օրակարգում է նաեւ ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը։ Եւ այդ առումով քննարկումներ ենք ունենում։ Գիտեք, որ վերջերս 2 շատ կարեւոր աննախադեպ որոշում է կայացվել, մեկն այն է որ բոլոր դիրքերում ջրամատակարարում կլինի, կարծում եմ, որ մինչեւ մյուս տարվա հոկտեմբեր բոլոր դիրքերում կլինի ջրամատակարարում, ինչպես նաեւ զինծառայողների բնակարանների պայմանների բարելավումը: 2.9 մլրդ դրամի հատկացում է կատարվել, որի մասին վարչապետը հայտարարել է»,-ընդգծեց նա:
Արմեն Գրիգորյանի խոսքով, այս ուղղությամբ քննարկումները շարունակական են. «Քննարկում ենք, թե ինչպես կարելի է բարելավել եւ մեր սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ ռազմավարական ենթակառուցվածքներում ներդրումները»:
Նա հավելեց, որ Բակո Սահակյանի հետ ընտրությունների մասով որևէ քննարկում չեն ունեցել. «Խոսել ենք այն թեմաների մասին, որի մասին ասացի»:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: